Ընթերցելով և վերընթերցելով այս գիրքը, նորից համոզվեցի, թե ինչպիսի ծանր ժամանակներում ենք ապրում մենք, և մարդը բարոյական ինչպիսի հզոր ուժի տեր պիտի լինի՝ դիմագրավելու համար դիվականության ամենօրյա և ահագնացող գրոհներին: Արդեն հոգնել ենք ԶԼՄ-ներից և առօրյայից ամեն օր մեզ մատուցվող աղետների և մղձավանջների թունաբաժնից՝ գուցե աննկատ բթանալով, և այդ ամենին դույզն-ինչ ազդելու անկարողությունից դառնալով անտարբեր: Ստիպվա՛ծ, այլապես կխենթանաս: Եթե անտարբերությունն արդեն խենթացման սկիզբը չէ:
Բանաստեղծական այս ժողովածուն, սակայն, երկու հարյուրից ավելի իր էջերի վրա կյանքի ողբերգական ոչ մի մանրամասն չի ներկայացնում, և սակայն դրանով իսկ ցնցում, արթնացնում է մեզ, ստիպում ուշադիր լսել տառապանքի ձայնը: Հերթական անգամ ականատեսն ենք դառնում արվեստի հրաշագործ ազդեցության. իրականության ողբերգականությունը բանաստեղծի տաղանդով մատուցված շատ հաճախ ավելի ազդեցիկ է, քան կյանքի հավաստի մանրամասները: Մանավանդ երբ ստեղծագործական տաղանդին ավելանում է բարոյական տաղանդը:
Ինչպե՞ս պիտի հակազդի այս աղետներին այն բանաստեղծը, որը հրաժարվում է հոգին սատանային ծախելուց, արդյոք Բառը բավակա՞ն է համարժեք դիմադրություն ցուցաբերելու: «Դարձ՝ դեպի Դարձ» պոեմին Գ. Գալստյանը որպես բնաբան դրել է անժամանակ կյանքից հեռացած, ազնվական բանաստեղծ Վահան Վարդանյանի տողերը՝ ասես որպես ելք մղձավանջից.
…Դարձ՝ դեպի ոչինչ, դեպի աննյութ սկիզբ, անգո բերկրություն,
Քան ապրել այստեղ, տաժանքում այս խուլ…
Բանաստեղծն այս կերպ բոյկոտում է քաոսացվող իրականությունը, գուցե հոգու խորքում փայփայելով թաքուն մի հույս՝ նոր կերպարանքով վերադառնալ մաքրված աշխարհ: Բայց, հավանաբար, բնաբանի խորհուրդը գործում է լոկ որպես բանալի այդ պոեմը ճիշտ ընթերցելու համար: Բանաստեղծուհին հեռանալու մտադրություն չունի, նա հոգով ու մարմնով մնում է այստեղ: Բայց ինչպե՞ս.
Կարկուտի պահին քաղած մի՞րգ լինել,
Թե՞ ծառի վրա նոր բացված ծաղիկ…
Հասած մի՞րգ լինել ծառերի վրա
ՈՒ թող պատահի՝ ի՛նչ կպատահի…
Հանձնառու բանաստեղծի մշտական տագնապը. ի՞նչ անել, ինչպիսի՞ն լինել աղետի պահին: Մանավանդ երբ կյանքի բոլոր պահերն են աղետ: «Թող պատահի»-ն գուցե ընկալվի որպես ֆատալիստական հաշտվողականություն սպասվելիք արհավիրքների հետ, սակայն երբ նայում ես գրքի ամբողջության մեջ, ապա հասկացվում է շատ որոշակի՝ պատրաստակամություն դիմադրելու բոլոր անակնկալներին: Եվ իրոք հերոսական այս վճիռն ազդարարվում է առանց պաթոսի (ինչպես լինում է հաճախ), առանց բարձրագոչ շեշտերի: Քանի որ բանաստեղծը հանդիսատես չունի, որովհետև չի ուզում, որովհետև նա հաշվետու է ամենամեծ՝ սեփական, անխաթար մնացած խղճի դատաստանին: Բայց հանկարծ մի պահ թվում է նա էլ չդիմանալով դաժան փորձությանը, փրկության ելք է որոնում.
Ես թևեր կառնեմ, կճախրեմ հեռու՝
Անեզերք հոգուս հայրենիքն…
Էնտե՜ղ.
Չգա՛ք, խնդրում եմ, իմ հետքից զոռով,
Չփորձեք նորից իմ հոգին բանտել…
Վերացում գարշ իրականությունից, փրկության հույս «հոգու հայրենիքում», ակնթարթի մեջ հայտնված տենչանք, որ ուժ է տալիս մնալու և դիմադրելու: Անգամ հզոր կամքի և աննկուն ոգու տեր Սուրբ Շուշանիկը, անագորույն փորձության պահին աղաչեց Տիրոջը. «Այլևս չեմ դիմանում… Մինչև ե՞րբ պիտի փորձության ենթարկես… Կամ գոնե աղավնու թևեր տուր ինձ, որպեսզի հեռանամ, դադար առնեմ անապատում…»:
Հեռանա՜լ, բայց ոչ թե աշխարհից և ընդմիշտ, այլ դեպի անապատ: Բայց մի՞թե ժողովածուի «քնարական ես-ը» անապատում չէ արդեն, ըստ որում առանց հեռանալու, ոչ թե տարածական, այլ բարոյական անապատում, ուր հայտնվում են բոլոր նրանք, ովքեր հրաժարվում են ընդունել իրականության գայլային օրենքները և ապրում բացարձակ մենության մեջ:
Նրանց մենությունը սակայն թուլության նշան չէ, ոչ էլ դատապարտվածության: Նրան բացառիկ ուժ է տալիս այն փաստը, որ «Դու քեզնից բացի ուրիշը չունես»:
Հայտնի է, որ անաղարտ հոգիները ոհմակ չեն կազմում, նրանք ձգտում են աստվածավայել մենության մեջ ապրել: Բացի այդ, բարոյական անկումը մեծ մասամբ լինում է խմբովին, նույնիսկ զանգվածային, մինչդեռ փրկությունը զուտ անհատական ջանքով է կատարվելու, որովհետև մարդը նախ և առաջ իր խղճին է հաշվետու, եթե խիղճ ունի, և եթե ունի, ապա չի կարող ինքն իրեն խաբել, քանի որ արթուն խիղճը շարունակ նրան պիտի դրդի կատարելության, միշտ պիտի ավելին պահանջի և երբեք չի բավարարվելու. «Ամեն մեկն իր աշխարհն է փրկում»,- գրում է բանաստեղծուհին և շարունակում.
Եզակինե՛րը՝
իրենց աշխարհի փրկությամբ՝ ամբո՜ղջ
Աշխարհն են փրկում…
«Եզակիության» բացահայտ զգացում, առավել ևս՝ ցուցադրություն չի նկատվում Գ. Գալստյանի ժողովածուի մեջ, բայց սեփական աշխարհի փրկության մշտական ձգտում կա, որը նրան, կամա թե ակամա, մոտեցնում է դրան: Բայց չէ՞ որ, երբ համընդհանուր ավերից վասն փրկության ոչ թե մեկուսանում, այլ ավերին դիմադրում է զորավոր խոսքով բանաստեղծը, չվարանենք ընդգծելու՝ բանաստեղծուհին, ապա այդ արարքն իր ստեղծագործական խիզախությամբ դառնում է եզակի, ինչպես եզակի է բանաստեղծական ամեն մի վավերական տողը: Չէ՞ որ
…պիտի մեկը լինի՛ անպայման,
որ վկայելով կապույտի մասին՝
երկնքի՜ց խոսի…
Ընդգծեցինք, որ հեղինակը բանաստեղծուհի է: Ակամայից ցանկություն է առաջանում համեմատել նրան մեկ այլ բանաստեղծուհու՝ լյուքսեմբուրգցի Անիզ Կոլցի հետ, որի ժողովածուներից երեքն առիթ ունեցանք թարգմանելու հայերեն: Նա ևս, հայ բանաստեղծուհու պես մենավոր և քաջարի մարտնչող է, նրա պես անաղմուկ, բայց աննկուն: Ա. Կոլցի մասին այսպես էինք գրել երեք տարի առաջ լույս տեսած նրա ժողովածուի վերջաբանում. «Նրա պոեզիան զարմացնում է հեղինակի սթափ և անհողդողդ հայացքով: Նա չի վախենում շիտակ ու անթարթ նայել կյանքի ամենաողբերգական պահերին, գոյի խնդիրները ներկայանում են նրա տողերում իրենց մերկությամբ, զերծ պատրանքներից, միամիտ հույսերից: Նրա բանաստեղծություններում մարդը դատապարտված մի հյուլե է, միաժամանակ հզոր իր կարճատև կյանքով այս աշխարհի երեսին»:
«Սթափ և անհողդողդ հայացքը» տեսնում ենք նաև Գ. Գալստյանի բանաստեղծություններում, գոյի խնդիրները, մարդու ողբերգականության տագնապը նույնպես նրա ստեղծագործական մտահոգությունների շարքում են, բայց մի տարբերությամբ. այս ամենը նա դնում է բարոյական որոշակի համատեքստի, օրվա, առօրյայի հրամայականի մեջ: Նշենք ևս մի տարբերություն. Ա. Կոլցի մասին գրել էինք, որ այդ պայքարում «նա մենակ է և շատ հաճախ առանց Աստծո օգնության»: «Առանց», որովհետև ինքն է հրաժարվում, որովհետև նրա պոեզիան համակված է աթեիստական որոշակի տրամադրություններով, մինչդեռ Գ. Գալստյանի ամբողջ հույսն Ամենաբարձրյալն է. «Դու՝ Քո անվրդով Մեծազորությամբ / Արա ինձ անպարտ», - աղերսում է նա:
Այս անսասան հավատը Արարչի «Մեծազորության» հանդեպ նրա պոեզիան համակում է մշտական ձգտումով դեպի կատարյալը և բացարձակը, և ոչ միայն կրոնական, այլև բոլոր, մանավանդ գեղագիտական իմաստով: Մեր արդի՝ հիմնականում ցեխակոլոլ ու գետնաքարշ պոեզիայում (մեղա՜, որ բառն օգտագործեցի այս դեպքում) հատուկենտ են հեղինակները, որոնց տողերում վսեմի մշտական պահանջը լեզվական այսպիսի անաղարտության է հանգեցնում: Եվ հատկապես նշենք, որ սա ոճավորում չէ, պսևդոդասականություն չէ, այլ կյանքի մեջ մշտապես ներկա, բայց շարունակ երկինք ձգտող պոետի հոգեվիճակի վավերական արտահայտությունը: «Մենք թևեր ունենք»,- ասվում է գրքում: Իսկ թևեր ունեցողը ոչ միայն հողեղենի, այլև Աստծո հայացքով է նայում աշխարհին, «տեսանող հայացքով», ինչպես ինքն է ասում: Բացի այդ, «թևեր ունեցողը», կամա թե ակամա, ստանձնում է մի դժվարին առաքելություն, ինչը նա որակում է որպես «խաչելությունը գրչի»: Թո՛ղ լինի այդպես, ի վերջո, Խաչելությունն իր մեջ Հարության, ուստի և խորհուրդն ունի նոր կյանքի, որի անսասան հավատն ենք տեսնում այս հրաշալի ժողովածուի յուրաքանչյուր էջին:
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ